ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԳԻՐՔՆ ԱՅԼԵՎՍ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ՉԷ»

«ԳԻՐՔՆ ԱՅԼԵՎՍ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ՉԷ»
27.04.2012 | 00:00

Աշխարհի 20 երկրից Հայաստան ժամանեցին վեց տասնյակից ավելի սփյուռքահայ գրող-պատվիրակներ: Գրքի համաշխարհային մայրաքաղաք Հայաստանում անցկացվեց համահայկական 6-րդ համաժողովը: Միջոցառումների առանցքը գիրքն էր: Սփյուռքահայ գրողների հետ զրույցը` ստորև:

«ԱՍՏՎԱԾ, ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՍԻՐԱԾ ԱՐԱՐԱԾ. ԱՅՍ ԵՐԵՔՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆՊԱՏԱԿԱԿԵՏԵՐ ԵՆ»

ՄԱՐԻԱՆԱ ԲԵՐԹԻԶԼՅԱՆ-ՂԱԶԱՐՅԱՆԸ Հալեպից է: Համաժողովի շրջանակում նշվող սփյուռքահայ գրողների գրքերի շնորհանդեսում ներկայացված էր նրա «Կանչ արարչական» գիրքը: Բանասիրական կրթություն է ստացել Հայաստանում: Հայ գրողների համահայկական փառատոնին մասնակցում է երրորդ անգամ:

-Ձեր գրքով հիմնականում գլոբալ խնդիրներ եք վեր հանում: Տեղ ունի՞ այդ տարածքում հայրենիքը:

-Աստված, հայրենիք և սիրած արարած. այս երեքն ինձ համար նպատակակետեր են: Գրքիս երկրորդ բաժինն ամբողջությամբ հայրենիքիս է նվիրված, առաջինը` Արարչին, երրորդն էլ իմ` անմահության մասին մտորումներն են:

-Երկքաղաքացի՞ եք:

-Հայկական անձնագիր ունեմ: Գլխավոր նպատակս հայրենիքում հաստատվելն է: Պետք է այնպես լինի, որ, ի վերջո, ամեն հայ փափագի այստեղ գալ: Չեմ կարող ասել, թե մյուսներն ինչ են զգում, մտածում, բայց իմ ծնողներն ասում էին` սա մեր հողը չէ, անգամ տուն չէին գնում, վարձով էին ապրում, երազում էին հայրենիք վերադառնալ: Իմ հայրը մահացավ` այդպես էլ չհաստատվելով այստեղ: Հիմա հայրենիքում ապրելը իմ երազանքն է, թեև զավակներս են ինձ արգելք, ամուսինս այնտեղ է աշխատում: Շատ բարդ է: Շեղվեցինք գրականությունից, բայց իմ գրականությունն անմիջական կապ ունի ասածներիս հետ:

-Հայաստանցի գրողների հետ կա՞ կենդանի շփում, ծանո՞թ եք նրանց գործերին:

-Այո, մեծ մասին ծանոթ եմ և կարդում եմ:

-Սիրիայի հայ համայնքում կա՞ն քիչ թե շատ կայացած գրողներ:

-Հատուկենտ են: Երիտասարդ գրողներ գրեթե չկան: Լեզու պիտի իմանան, շատերը արաբերեն են գրում:

-Հայաստանյան իրականության մեջ ի՞նչն է Ձեզ դուր գալիս, ինչը` ոչ:

-Ես միշտ ասում եմ` ամեն տեղ և՛ լավ մարդիկ կան, և՛ վատ: Երբ ասում են` այսինչ բանը Հայաստանում վատ է, ասում եմ` բնական է, Սիրիայում էլ վատը կա: Եթե վատը տեսար, փորձիր փոխել, եթե լավը տեսար, շատ լավ է: Վարդգես Պետրոսյանն ասում էր` հայրենիքը, ինչպես քո ցավը, քո հիվանդությունը, քո մայրը, չես կարող փոխել, պիտի փորձես լավացնել ամեն ինչ:


«ԳԻՐՔՆ ԱՅԼԵՎՍ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ՉԷ»

ՏԻԳՐԱՆ ԳԱԲՈՅԱՆԻՆ (Սիրիա) հայ ընթերցողը ճանաչում է «Անմաս», «Դեպի երկինք արձակվածներ» բանաստեղծական գրքերով: Բազմիցս հանդես է եկել հայաստանյան գրական մամուլում:

-Հայաստանում բնակվելու մտադրություն ունե՞ք:

-Արդեն Հայաստանի քաղաքացի եմ:

-Սփյուռքում մինչև 35 տարեկան հայագիր գրողներ չկան: Սա ահազանգի նման չի՞ հնչում:

-Գրականության տագնապը միջազգային խնդիր է:

-Ի՞նչ խնդիրներ ունի Սիրիայում ապրող հայ գրողը և հաջողության հասնելու ի՞նչ ճանապարհ:

-Հաջողության հասնելու ճանապարհ չունի: Գրականությունն այլևս ձգող դաշտ չէ. ո՛չ ֆինանսական հաջողություն է բերում, ո՛չ համբավի իմաստով է գայթակղիչ:

-Դուք գրում եք, տպագրվում: Կարծում եմ` բացառություն չեք:

-Բացառություն չեմ, բայց շատ չեն գրողները: Սիրիան, որ 25-միլիոնանոց երկիր է, և առհասարակ, արաբական աշխարհը գրական տագնապների մեջ են: Էլ չասեմ` Եվրոպան, Ամերիկան:

-Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Համաշխարհային ճգնաժամ է, արվեստը նույնպես ճգնաժամ է ապրում:

-Այլ մասնագիտություն ունե՞ք:

-Այո, «Հայ դատում» եմ աշխատում, միջազգային հարաբերությունների մասնագետ եմ:

-Գրելը հոբբի՞ է:

-Ստեղծագործելն ինքնին հոբբի չի կարող համարվել, եթե պրոֆեսիոնալ դառնալու, կատարելագործվելու ձգտում կա: Բայց ակամա նմանվում է հոբբիի:

-Հայաստանցի գրողներին ծանո՞թ եք: Ո՞Ւմ եք կարդում:

-Բոլորին` Արտեմ Հարությունյան, Վիոլետ Գրիգորյան, Արփի Ոսկանյան:

-Ինչի՞ մասին եք գրում, ի՞նչ թեմաներով:

-Թեման ինքն է ինձ ընտրում: Ես այլևս «թեմատիկ» չեմ, արդեն անցել եմ այդ շրջանը: Բանաստեղծությունն արագ շարժման, հեղափոխության մեջ պիտի լինի: Հավերժական հեղափոխությունը դուրս է թողնում թեման: Իմ կարծիքով, եթե որևէ բանաստեղծ «թեմատիկ» դառնա, կլճանա, կմեռնի:

-Գիրքը և ժամանակակից աշխարհը:

-Գիրքը մեր արդի աշխարհի մեջ այլևս մեծ տեղ չունի, այլևս մեր ժամանակների սիմվոլ չէ: Գիտության, արվեստի սիմվոլը բազմազան է այսօր և միայն գրքով չի սահմանափակվում: Հիմա ավելի բազմազան մշակութային արարումների մեջ ենք: Գիրքն իր տեղն ունի, բայց զիջել է շատ ուրիշ բաների:

-Օրինակ:

-Համացանց, գովազդ, այֆոն, մոբայլ:

-Դրանք տարբեր բաներ են:

-Տարբեր բաներ են, բայց, այսպես թե այնպես, ազդեցին գրքի առաջնահերթության վրա:

-Ի՞նչ է խոստանում գրքի համաշխարհային մայրաքաղաք Հայաստանը:

-Շատ բան չի խոստանում, շատ բան չի փոխվի: Մենք մշակութային իմաստով հրամցնելու դիրքի մեջ ենք, ոչ թե կերտող, և շատ ենք ուրախանում, երբ մեզնով հետաքրքրվում են: Այս միջոցառումները ժամանակավոր են, մեծ իմպուլսներ չեն տա մեր մշակույթին: Պարզապես Արևմուտքից եկած միջազգային ժեստերին կարևորություն տալու, չասեմ` երկրորդական, ձևական ակտեր են:


«ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼՆ ԱՎԵԼԻՆ ԱՐԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ, ՔԱՆ ՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ»

Գրող, քաղաքական գործիչ ՎԱՐՈՒԺԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ Ռումինիայի հայոց միության հիմնադիրներից է և ներկայիս նախագահը:

-Պարոն Ոսկանյան, ըստ Ձեզ` համահայկական համաժողովն իրապես ամրապնդո՞ւմ է Հայաստան-Սփյուռք կապը:

-Միախմբվելու համար հայ ժողովուրդը պետք է նպատակ ունենա, և այդ նպատակը պետք չէ կապել միայն անցյալի հետ: Երկրորդը` պետք է մարդիկ անձնապես ճանաչեն իրար, համագործակցեն, որ միմյանց կապող կամուրջն ամուր լինի:

-Ինքներդ առաջարկներ ունե՞ք, ի՞նչ հարցեր եք բարձրացնելու խորհրդաժողովում:

-Նախ և առաջ անձնական նպատակներով եմ եկել: Լույս է տեսնելու իմ «Շշուկների մատյան» վեպի հայերեն տարբերակը: Ի դեպ, առաջին գիրքն է, որ ուղղակի թարգմանվելու է ռումիներենից հայերեն: Մենք աղքատ են թարգմանչական ասպարեզում: Հայ երիտասարդները պետք է արտասահմանում բանասիրություն սովորեն: Մենք էլ պետք է սփյուռքի երիտասարդներին ուղարկենք Հայաստան, որ կատարելագործեն հայերենը, համաշխարհային գրականությունը բերեն Հայաստան: Եթե այսօր չհետևենք թարգմանչությանը, հայ մշակույթը մեկուսացած կմնա: Մենք արժեքներ շատ ունենք, բայց ճանաչված չեն:

-Ինչի՞ մասին է «Շշուկների մատյանը» և ավելի շատ ո՞ւմ է ուղղված` հա՞յ ընթերցողին, թե՞ դրսի:

-Գիրքս նախ և առաջ մոռանալու ջանք է, նաև` մեր պատմության գլխավոր արժեքները, մեր սովորույթները, մշակույթը, երգերը, խոհանոցը, մեր տանջանքը և մեր հույսերը համաշխարհային ընթերցողին ներկայացնելու փորձ:

-Հայերեն չե՞ք գրում:

-Հայերեն չեմ գրում, որովհետև, դժբախտաբար, հայ ընթերցող չկա Ռումինիայում: Կարծում եմ` կարևորն այն է, որ միջուկը հայկական լինի, ոչ կեղևը: Օտարագիրները հայ մշակույթի դեսպան են դրսում:

-Ցեղասպանության ճանաչման համար ի՞նչ դեր ունի գրականությունը, այս թեմայով հզոր գործեր, կարծես, չեն ստեղծվում:

-Հրեաների ցեղասպանությունը ճանաչվեց ժապավենների և գրքերի միջոցով: Ֆրանց Վերֆելն ավելին արեց Ցեղասպանության ճանաչման համար, քան հազար քաղաքական գործիչ: Կարևոր է ոչ միայն իրավաբանների ուղեղին հասցնել պատմական ճշմարտությունը, այլև հասարակ մարդկանց սրտերին: Օրինակ, վիքիպեդիայում, ուր խոսվում է Հայոց ցեղասպանության մասին, տեղադրված են Ֆրանց Վերֆելի գիրքը, իմ գիրքը: Դա արդեն կարևոր փաստ է: Շատ անգամ ոչ թե պատմության դասագրքերն են ներկայացնում իրականությունը, այլ պարզ մարդկանց կրած տանջանքները: Այդ առումով մշակույթը ամենահարմար ճանապարհն է:

«ԻՍԿ ՄԵՆՔ, ՇԱՔԱՐԱՋՈՒՐԸ ՄԵՂՐԻ ՏԵՂ ԾԱԽՈՂԻ ՆՄԱՆ, ԴՌՆԵՌՈՒՌ ԵՆՔ ԸՆԿԵԼ»

Բանաստեղծ ԴԱՎԻԹ ՇԻՐԻՆՅԱՆԸ Հայաստանի և Արցախի գրողների միությունների անդամ է: Ապրում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում: Հեղինակ է բանաստեղծական ժողովածուների («Բարձրաձայն լռություն», «Լաբիրինթի միջով»):

-Ասում են` ի տարբերություն արձակի, ժամանակակից պոեզիան շատ աղքատ է: Համաձա՞յն եք: Ձեզ համարո՞ւմ եք լավ բանաստեղծ:

-Իսկ արձակի ի՞նչ ճչացող գործեր ունենք, որ ստվերում է թողել պոեզիան: Համենայն դեպս, ես ծանոթ չեմ դրանց: Առհասարակ, հիմա պոեզիան մերկության չափ աղքատ է, սակայն փնտրողն այդ մերկության մեջ էլ «շքեղություն» կգտնի: Պոետի լավն ու վատը ո՞րն է: Ես շնորհալի մարդ եմ:

-Այսօրվա հայ գրականությունն ասելիք ունի՞ աշխարհին:

-ՈՒնեցել է, ունի և կունենա: Պետք է մաղել այն ամենը, ինչն այսօր կոչվում է գրականություն. ցանցի վրա ինչ մնաց, դա էլ հենց ասելիքն է:

-Ըստ Ձեզ, ունե՞նք համաշխարհային մեծության գրողներ, որոնք ստվերում են մնում թարգմանության, աշխարհաքաղաքական և այլ խնդիրների պատճառով:

-Մենք համաշխարհային մեծության մի գրող ունենք, ով հերքելով եկավ «ու գնում է հաղթական»: Այ, եթե իր նման գրենք, աշխարհն ինքը մեր դուռը կթակի: Իսկ մենք, շաքարաջուրը մեղրի տեղ ծախողի նման, դռնեդուռ ենք ընկել:

-Վերջին գիրքը, որ կարդացել եք:

-Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը»:

-Այսօր գրողի ձայնը ոչ ոք չի լսում: Հասարակությո՞ւնն է հեռացել գրողից, թե՞ գրողն ինքն է հեռացել հասարակությունից:

-«Սելի փոխարեն սելվորն է ճռռում»։

-Արցախյան գրական կյանքի մասին ի՞նչ կասեք:

-Կարծես բնականոն հունի մեջ է, պարզապես ես եմ հեռվից տեսնում այդ ամենը:

-Ղարաբաղյան իրականությունը այսօր` գրողի աչքերով:

-Հուսանք` «լոխ լյավ ա իննյան»:

-Ազատամարտի թեմայով այսօր ունե՞նք լավ գրականություն:

-Ես այդպիսի գործ չեմ կարդացել: Որ լիներ, երևի կարդացած կլինեի: Չգիտեմ:

-Նորից անդրադառնանք ազատամարտին: Մեր ազատամարտիկներն ըստ արժանվույն չեն գնահատվում, ավելին, ինչ-որ առումով օտարված են հասարակությունից: Ինչպիսի՞ն է այդ առումով ժողովրդի հոգեբանությունը ձեզ մոտ։

- Ինչո՞ւ: Այ էս տարի ինձ ու էլի մի քանի ազատամարտիկների Եգիպտոս հանգստանալու են ուղարկում, բայց այնպես են դա շեփորահարում, որ կարծես պապերիս երկիր, կամ էլ գոնե Եվրոպա ուղարկելիս լինեն: Իսկ ժողովուրդը դեռ շփոթված է:

-Մենք աշխարհին ասելիք ունե՞նք:

-Եթե անտեղի չգոռոզանանք, անգամ մեր չունեցածով, այո, ունենք:

-Այսօր մեր հեռուստասերիալնե՞րն են ձևավորում լեզու, մշակույթ, ճաշակ, թե՞ գրականությունը:

-Այսօր էլ, երեկ էլ, վաղն էլ աղբ եղել է, պարզապես, աղբամանում լինելու փոխարեն սեղանին է հայտնվել. եթե «չուտվի», հաջորդ անգամ չեն մատուցի: Իսկ մենք ուտում ենք, որովհետև էժան է, դյուրամարս, որովհետև «խոհարարներն» են այդպես ուզում:

Ճեպազրույցները`

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2649

Մեկնաբանություններ